ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կորստացավն է ավելի դաժան

Կորստացավն է ավելի դաժան
23.10.2023 | 11:11

Կարոտը՝ կարոտ, ու ցավը՝ ցավ է,

Կորստացավն է ավելի դաժան,

Երբ աչքդ՝ փնտրում ու էլ չի գտնում,

Էն թանկին՝ որ կար քեզ հանց սուրբ վահան։

Է՛ն թանկին, որ քո Մայրն էր սրբալույս,

Կամ աստվածակերպ սիրելին էր քո,

Առավել ևս՝ սրբազան Հողդ,

ՈՒմ պահ ես տվել մանկությունը քո։

Երբ աչքդ՝ փնտրում ու էլ չի գտնում՝

Է՛ն եկեղեցին, վանքն ու տաճարը,

ՈՒր քո Հողի ու Զինվորի համար,

Թևածում էր քո հույսի աղոթքը։

Կորստացավի կարոտացավը,

ՈՒրիշ է՝ Տեր իմ, անվանում չունի։

Ի՞նչ անուն կտաս, երբ գերեզմանն են՝

Անգամ քո պահում իբրև պատանդի։

Ի՞նչ անուն կտաս, դե ասա՝ Տեր իմ,

Այն էլ՝ այսպիսի կարոտացավին,

Երբ անաստվածն այդ՝ հա սիրտդ է խոցում՝

Ճշգրտությամբ մեծ դիպուկահարի։

…Կարոտը՝ կարոտ, ու ցավը՝ ցավ է,

Կորստացավն է ավելի դաժան,

Երբ աչքդ փնտրում ու էլ չես գտնում,

Է՛ն թանկը, որ կար քեզ հանց սուրբ վահան։

21-10-2023թ.

Աիդա ՏՈՆՈՅԱՆ

Դիտվել է՝ 7136

Մեկնաբանություններ